ԾԻՐԱՆՕՐՀՆԵՔ
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում օրհնվեց այս տարվա փառատոնային ծիրանը: Մշակույթը ձևավորել է եկեղեցական ծիսակարգ, և խաղողօրհնեքի ավանդական իրողությանը գումարվել է ևս մեկ հայկական մրգի սրբագործման կարգը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում:
Ասել, թե հայկական որևէ մշակութային, պատմական, համազգային իրադարձության հայ եկեղեցու մասնակցությունը չափազանց կարևոր է ու արժեքավոր, նշանակում է ոչինչ չասել:
Պատարագամատույց հոգևորականը՝ Շմավոն եպիսկոպոս Ժամկոչյանը, ոչ միայն օրհնեց փառատոնի խորհրդանիշ-պտուղը՝ «Խաչի նշանաւ», այլև արժևորեց իր խոսքում կինոփառատոնի դերն ու կշիռը հայ մշակութային կյանքում՝ բարի երթ մաղթելով մեկնարկող հերթական՝ տասնմեկերորդ «Ոսկե ծիրանին»: Ի մասնավորի, նա նշեց. «Կրկին «Ոսկե ծիրանի» տոն է մեր մայրաքաղաքի համար: Այս օրերին մեր ժողովուրդը առիթ է ունենալու դիտելու բազմաթիվ բարձրարվեստ ֆիլմեր՝ նվիրված տարբեր երկրների ու ժողովուրդների սովորույթներին, հասարակական կյանքում առկա խնդիրներին, հաղորդակցվելու ժամանակակից կինոարվեստի ձեռքբերումներին ու զարգացման հեռանկարներին: Ողջունելի է, որ «Ոսկե ծիրան» փառատոնը խրախուսում է հատկապես երիտասարդ կինոգետներին ու ռեժիսորներին՝ հետևողական աշխատանքով ձգտելու դեպի արվեստի բարձունքները: Փառատոնը լուրջ ներդրում է բերում կինոարվեստի զարգացման գործին: Եվ պատահական չէ, որ այն օրավուր ավելի լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերում»:
Օրհնության կարգն ավարտվելուց հետո հայաբույր, զարմանալիորեն չկարկտահարված, հատընտիր ծիրանը՝ շարված ծղոտե զամբյուղների մեջ, պտտվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ընդարձակ սրահում՝ որպես սուրբ մասունք բաժանվելով «Ոսկե ծիրանի» բոլոր օտարերկրացի ու տեղացի հյուրերին, նաև եկեղեցում գտնվող ոչ փառատոնային հավատացյալներին:
Ծիրանօրհնեքին հաջորդեցին Փարաջանովին նվիրված ֆոտոցուցահանդեսի և գրքի շնորհանդեսի արարողությունը, «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում:
ՏՈՆԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՀՄԱՅՔԸ
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում:
Կարմիր գորգի վրայով թատրոն մտան լեգենդար կինոդեմքեր: Դահլիճում բոլորին, ինչպես միշտ, ողջունեց փառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը: Նա խոսքն սկսեց այսպես. «Ոսկե ծիրանը» երազանք է»: Ապա երախտագիտությամբ հիշատակեց փառատոնի բոլոր հովանավորներին` ՎիվաՍել ՄՏՍ-ին, ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին:
Հերթական անգամ հնչեց Հարություն Խաչատրյանի խոստովանությունն այն մասին, թե ինքը վատ է խոսում, և հերթական անգամ ինքն էլ հերքեց իր ինքնագնահատականը` զբաղեցնելով դահլիճը բավական երկար, երբ ծագել էին տեխնիկական խնդիրներ: ՈՒ ամեն անգամ, երբ այդ մարդը փառատոնի բացման հանդիսության ժամանակ միայնակ կանգնած է լինում ընդարձակ բեմում` բազմաթիվ հանդիսականների առաջ, ու ջանում է փրկել կայացած, շքեղ մշակութային իրողության ապագան, ես զարմանում, հիանում եմ այն փաստով, որ մարդն իր երազանքից կարողացել է ստեղծել այդպիսի մեծ իրադարձություն ու չի ընկրկել որևէ դժվարության առաջ` այն հետագայում ևս պահպանելու ճանապարհին:
Փառատոնի նշանակության մասին խոսեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ապա ցուցադրվեց փարաջանովյան թեմաներով իտալացի արվեստագետների պատրաստած կինոկոլաժը:
Ռալֆ Յիրիկյանը և Հարություն Խաչատրյանը հայտարարեցին 11-րդ փառատոնի բացումը, և հնչեց գլխավոր հովանավորի խոստումն այն մասին, թե հաջորդ ու հետագա փառատոները ևս կլինեն իրենց հովանավորության ծիրում:
Ռալֆ Յիրիկյանը նախ շնորհակալություն հայտնեց այն հայ ընտանիքներին, որոնց որդիները պաշտպանում են հայոց պետական սահմանը, այն գյուղացիներին, որոնք ապրում, տոկում են մեր սահմանամերձ գյուղերում, ապա միայն անդրադարձավ օրվա բուն թեմային: Նա Հարություն Խաչատրյանի ձեռամբ պարգևատրվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հուշամեդալով և նվեր ստացավ հեքիաթի երեք խնձորի նման էկրանից վայր ընկած ոսկե ծիրանը, որը հեղինակել էր անվանի ոսկեգործ Կառլեն Կեսայանը:
Հասմիկ Պապյանն առաջին անգամ հանդես եկավ ծիրանափողի նվագակցությամբ: Խորհրդանշական գործիքով բեմում Գևորգ Դաբաղյանն էր:
Ապա իրենց երաժշտական նվերը մատուցեցին Շահե Քեշիշյանի «Զանգակները», որոնք ոչ միայն հանդես եկան կոմիտասյան կատարմամբ, այլև նվագակցեցին հայ հասարակությանն անսպասելի նվեր մատուցած աշխարհահռչակ Կիմ Կի-Դուկին: Նա կատարեց հարավ-կորեական ազգային երգ, որն արտահայտում է կորեական ազգի տխրություններն ու ուրախությունները:
Կիմ Կի-Դուկն այս տարվա «Փարաջանովյան թալերի» հասցեատերերից մեկն է: Այն ստանալիս նա արտահայտեց իր անկեղծ ուրախությունն ու շնորհակալություն հայտնեց Հայաստանում իր ֆիլմերը դիտել պատրաստվող մարդկանց, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր դրանք դիտել են մինչ այս և հնարավորություն ընձեռել իրեն այս օրերին գտնվելու Հայաստանում:
Իհարկե, հանդիսատեսը համառոտ տեսանյութի միջոցով ծանոթացավ մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերին և մրցույթները գնահատող ժյուրիի պատվավոր անդամներին:
ՏՈՆԱԿԱՆ ԾՆԾՂԱՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ
Տոնական ծնծղաներից անդին իրական արվեստն է, ծանր ու հաճելի աշխատանքը` կինոյի բազմահանգույց ոլորաններում: Այս տարի «Ոսկե ծիրանի» երկնակամարի ամենապայծառ աստղը Սերգեյ Փարաջանովն է` իր իննսունամյա հոբելյանով: Ամեն բան պտտվում ու ծավալվում է այս առեղծվածային հանճարի շուրջ: Իսկ թե ինչ է կոնկրետ ենթադրվում այդ պտույտի տիրույթներում, փորձենք համառոտ ծանուցել մի քանի նախադասությամբ: Հայ մասնագետներին և կինոսիրողներին կներկայանա համաշխարհային նվաճումներ արձանագրած և նոր, խարխափուն քայլեր անող կինոն: Առաջին դեպքում այն կլինի Կիմ Կի-Դուկի, Ամոս Գիտայի, Աննա Մուգլալիսի, Օթար Իոսելիանիի, Ցզյա Չժանկեի, Քշիշտոֆ Զանուսիի դեմքով: Փառատոնը կփակվի Ժան-Լյուկ Գոդարի` Կաննի միջազգային փառատոնի մրցանակակիր «Հրաժեշտ լեզվին» ֆիլմով:
Այս լեգենդ դարձած անունների կողքին կինոաշխարհում իրենց գոյության մասին կծանուցեն մրցութային տարբեր ծրագրերում հայտավորված ֆիլմերի հեղինակները:
«Ոսկե ծիրանի» մեկշաբաթյա մարաթոնի ընթացքում հնարավոր կլինի դիտել բազմաթիվ ֆիլմեր, որոնցից անձնական մոտեցմամբ առանձնացրել և ցանկանում ենք ընդգծել մի քանիսի գոյության փաստը:
Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղ» ֆիլմն աղաղակում է խուլուհամրերի աշխարհի դաժանության, վայրի բնազդների թելադրած սարսափների մասին:
«Նոր գերմանական կինո» ծրագրի շրջանակներում ընդգրկված Դիտրիխ Բրյուգմանի «Խաչի ճանապարհը» ֆիլմն զգայացունց պատմություն է այն մասին, թե մինչև ուր կարող է տանել ֆանատիզմով հիվանդ «խաչի» ճանապարհը:
Միջազգային խաղարկային մրցույթին ներկայացված «Զորանը` իմ ապուշ ազգականը» ֆիլմը (ռեժիսոր` Մատտեո Օլեոտտո) Իտալիայի և Սլովենիայի համատեղ արտադրանք է, որը կասկածի տակ է առնում հիմարության և իմաստնության մասին ունեցած պատկերացումների չափորոշիչներն ու հումորի և կենցաղի լեզվով մատուցում պարզ ճշմարտություններ:
Դերյա Դուրմազի «Ծիածան» ֆիլմը հայերիս համար ցավագին թեմայի` փակ սահմանների մերժումն է գեղարվեստականացնում:
Մանո Խալիլի «Մեղվապահը» Թուրքիայի օրինաչափ, հայերիս քաջ հայտնի քաղաքականության սարսափներն է ի հայտ բերում` մեկ մարդու ճակատագրի փաստավավերագրությամբ:
Այսպես է ներկայանում արդի համաշխարհային կինոն տասնմեկերորդ «Ոսկե ծիրանի» ժյուրիին և հանդիսատեսին:
ՎԵՐԱԾՆՎՈՂ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՍՐՏԱԳԻՐԸ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը դարձել է ինքնատիպ բարոմետր, չափման, կինոարժեքների որոշարկման մի սարք, որ իր ցուցիչների սանդղակում արձանագրում է հայկական կինոյի վերածնունդ ապրող համապատկերը: Լրագրողների համար ֆիլմերի` մի քանի շաբաթ տևած նախնական ցուցադրությունների ընթացքում փառատոնի կազմակերպիչները հնարավորություն ընձեռեցին մեզ իրազեկվել ու մեր սեփական վերաբերմունքը ձևավորել արդի հայ կինոյի տրոփուն զարկերակի մասին:
Վերածնունդ ապրող հայ կինոյի սրտագիրն իր զիգզագներում ներառել է մեր օրերի կինոտարեգրության մեջ իր հաստատուն տեղն ու կշիռն ունեցող Սուրեն Բաբայանի «Փուշը», 1990-ականների ծանոթ-տխուր առօրյան ներկայացնող «Շքամուտքը» (ռեժիսոր` Լուսինե Սարգսյան), Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը»` արցախյան հերոսամարտի գեղարվեստական դեմքով, հին Երևանի ստվերները երևակող ու նոր Երևանի «անստվեր» գոյության գույժը ազդարարող, «ՎեբԾիրան» օնլայն փառատոնի մրցանակակիր «Ստվերը» ֆիլմը (ռեժիսոր` Նիկոլայ Հովհաննիսյան), Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը»` հուզիչ, մարդկային պատմություն` անմեղ անպաշտպանության և անխուսափելի գազանության մասին, Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհը», որ կինոարվեստի լեզվով երկու սյուժեի սահմաններում գծում է մարդկայինի, բարոյականի ու մարդու մեջ մարդու չգոյության հեղհեղուկ ճամփաբաժանը, Ալեն Մանուկյանի «Հարություն» ֆիլմը, որ նույնպես արժանացել է «ՎեբԾիրանի» մրցանակին, Արշակ Զաքարյանի «Անպետքը», որ փորձում է սահմանազատել պետքականների ու անպետքների աշխարհը:
Թույլ կամ հաջողված այս և այլ հայկական ֆիլմերը կայացած իրողություններ են, որոնք ուրվագծում են հայ կինոյի մոտ ու հեռու ապագան:
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ
Փառատոնային միջոցառումները տեղի կունենան «Մոսկվա», «Նաիրի», «Սինեմա Սթար» կինոթատրոններում, Մալյանի անվան թատրոնում, Պողոսյան այգիներում, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և «Ժողովրդական արվեստների» հանգույց կենտրոնում: «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի վերաբերյալ լիարժեք տեղեկություն կարելի է ստանալ փառատոնի պաշտոնական կայքէջում` www.gaiff.am հասցեով:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ